Եվ վարանումից, վեճերից հետո,
Իբրև եզակի մի բացառություն,
Կանոնագրքի մի զանցառություն,
Անհայտ օրենքի չգրված կետով՝
Լոկ ձայնի՛ համար
Համարվեց նա սան:
Այդ կիզիչ ամառ
Նոր բոթեր հասան:
Սուլթան Համիդը, ի փառս ալլահի,
Ի նշան ահի
Ամեն մի հայի
Եվ ի գիտություն
Իր երկար քթով ամեն տեղ մտնող
Այդ Եվրոպայի,-
Սուլթան Համիդը տարավ ու բերեց
Եվ-
Ապտակի տեղ,
Ապտակի նման -
Շրը՜խկ՝
«Հայաստան» բառը արգելեց,
Լեզվից, քարտեզից, գրքերից, քերեց.
- Ջնջում եմ, չկա՜,
Ալլա՛հը վկա:
Եվ չի՛ էլ եղել,
Եվ չի՜ լինելու.
Քանդողը ես եմ,
Ո՞վ է շինելու...
Իսկապես, քանդածն ո՞վ պիտի շիներ,
Թե Ալեքսանդըր ցարն էլ իր հերթին՝
Սուրբ խաչելության նշանը սրտին,
Քրիստոնեական ժպիտը շրթին՝
Իր «ամենագութ» ձեռքով ցարական
Հայոց պատմությունն, իբրև առարկա.
Արգելեց բոլոր հայ դպրոցներում.
- Չկա՛, չի՜ եղել...
Սուլթանն ու արքան
Ձեռք ձեռքի տվին
Միևնույն թվին...
Իսկ ճեմարանո՛ւմ...
Թուրքախոս սանի կարոտ բերանում,
Անուշ մրգի պես, բայց չհալվելով,
Ի՛նչ բառեր էին հիմա քաղցրանում,
Անհայտությունից հանկարծ բարձրանում
Քաջն Հայկ, Արամ,
Տիգրան Մեծ, Արա,
Մաշտոց, Եղիշե,-
Ո՞ր մեկին հիշել...
Եվ չժանգոտած հին բանալիքը մեսրոպյան տառի,
Նախ դժվարությամբ,
Բայց հետզհետե մի լուրջ բարությամբ,
Ուրախ զնգոցով անվերջ պտըտվեց կողպեքում բառի.
Ու բացեց դռներ՝
Սխրագործության,
Դարպասներ բացեց՝
Ահեղ փորձության,
Եվ զարմանալի՛, անհավատալի՛, ճշմարի՛տ դեպքեր՝
Մահադարձությա՜ն...
Պ. Ս.
Friday, 24 September 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment