Sunday, 29 November 2009

Ուշացած իմ սեր

- 11 -

Ու մեր սերը բացվեց,
Բերնե-բերան անցավ.
Օրվա հերոս դարձավ
Ու նյութ օրակարգի...

Ու ես էլ իմ կարգին
Խոսք տվեցի, անգի’ն,
Այսուհետև էլ քեզ... քե’զ... չսիրե՛լ,
Իշխել հոգուս վրա,
Սրտիս տիրել...

Ա՛խ, սրտի տեղ եթե լիներ լեզու՛ն,
Որ խոստացավ հանգիստ քեզ չսիրել
Հասկանու՞մ ես, թե ես ինչ եմ ասում,
Հասկանու՞մ ես արդյոք. քե’զ...
չսիրե՛լ...

Գուցե գիտակցաբար ես ստեցի՞,
Գլուխս ազատեցի՞
Չէ՛, պարզապես
Կարծես ընդունված է ժողովներում
Ուրի’շ տեսակ խոսել:
Ինչպես ընդունված է ժողովներում՝
Նույնն արեցի ես էլ...


Բայց և այնպես հիմա ա’յլ լեզվով են խոսում
Այս տողերը
Բարեկամնե’ր,Անգի՛ն,
Այսօր ես հուզվել ու սրտնեղել եմ
Բարեկամնե’ր,
Անգի՛ն,
Չէ՞ որ խոսք եմ տվել էլ չսիրել,
Չէ՞ որ խոստացել եմ իշխել հոգուս վրա,
Սրտիս տիրել...

Խոստացել եմ
Սակայն
Եթե բան դուրս չգա՞...
Թո’ղ որ ասեն, թե սա
Սովետական մարդուն բնա’վ սազական չի,
Թո’ղ որ ասեն, անգի՛ն,
Որ մեր սերը կյանքում բնա՛վ տիպական չէ
Թո’ղ որ այդպես
Սակայն
Չէ՞ որ կյանքում նա կա,
Չէ՞ որ արժան գտան նրան նիստի տանել,
Քննարկումից հետո կեսլուրջ ու կեսկատակ
Չէ՞ որ խորհուրդ տվին.
- «Կարելի՛՛՛ է անել...»։

Ո’չ Միայն ո՛չ այնպես, ինչպես հարմար գտան
Ես գործ ունեմ մարդկա՛նց,
Ո’չ թե ամեն կարգի նրանց խորհըրդի հետ.
Ո’չ թե թաքուն կապի,
Ես գործ ունեմ միայն սիրո ու սրտի՛ հետ...


Պարույր Սևակ /պոեմ/

No comments:

Post a Comment