- 12 -
Հիմա դու տեսնու՞մ ես, իմ սիրելի՛,
Թե մեզ ու՛ր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա’ծ սերը,
Դու չուշացա՛ծ իմ սեր
Դատափետում են քեզ
Ու խստորեն դատում
Նրա’ համար, որ դու
«Ընտանիք ես քանդում։
Բախտի ի՛նչ չար կատակ
Եվ ի՛նչ ծաղր է հիմար.
Դու’, որ հենց ծնվել ես ընտանիքի համար,
Սուրբ օջախի’,
Սիրո քո տանիքի’ համար,
«Ընտանի՛ք ես քանդում...
Եվ դու պարտավոր ես փրկե՞լ մի ընտանիք,
Որ շա՛տ վաղուց արդեն կործանվել է ինքը.
Հանուն կործանվածի կործանումի մատնել
Ուրի՞շ մի ընտանիք
Ու՞ր է այստեղ խիղճը,
Դատողությու’նն ուր է,
Ու՞ր է աոողջ միտքը.
Հանուն փլված մի տան՝
Մեկ այլ տանիք քանդել,
Եվ ինչպիսի՛ տանիք...
Եվ մի՞թե քեզ դատող,
Դատափետող մարդիկ չեն իմանում,
Որ դու... հեղու՛կ չես դու,
Որ քո ձևը փոխես այն ամանում,
Որտեղ որ քեզ կածեն...
Մի՞թե մինչև հիմա ոմանք չեն հասկացել.
Դու կենդանի’ մարդ ես,
Ամենամա՛րդ մարդը,
Սիրո՛ղ մարդը,
Քեզ չի կարող ձև տալ ամեն կուժ ու կուլա,
Եվ որ չորստառանի «մարդ կոչվածը կյանքում
Շա՛տ ավելի բարդ է,
Քան թե հազարատառ, թեկուզ սրբագործված, մի ֆորմուլա
Եվ դու ինչպե՞ս հիմա բերան իսկ չբանաս,
Ինչպե՞ս դու նրանց դեմ չըմբոստանաս,
Երբ շա’տ լավ գիտես.
Բոլո՛ր օրենքները նրա’ համար են լոկ,
Որ պաշտպանեն կյանքում մարդկայի’նը
Մարդու՛ն,
Եվ որ բոլոր տեսակ օրենքներից բացի
Կա մի օրենք ևս – և շա՛տ խելոք.
Բոլոր օրենքների ո’չ թե տառն են կարդում,
Այլ էությու՛նը լոկ...
Եվ դու ինչպե՞ս հիմա բերան իսկ չբանաս,
Ինչպե՞ս դու նրանց դեմ չըմբոստանաս,
Ինչպե՞ս չասես, որ քեզ
Պետք է սուրբ ընտանի՛ք,
Բայց ո’չ ընտանիքի ծաղրանկար,
Պետք է օջա՛խ մաքուր,
Սիրո գողտրիկ տանի՛ք,
Ուր չի կարող լինել ոչ մի կարիք
Խաղալ «լավ ընտանիք.
Մի հա’րկ,Ուր հա՛րկ չկա
Խաղալ, թե «սրա պես լավ հարկ չկա՛.
Մի հա’րկ,Ուր իսկապես չկա կեղտի նշույլ,
Եվ ո’չ երբեք մի հարկ,
Որտեղ մութ անկյուն են կեղտը քշում՝
Հանուն ըն-տա-նե-կա՛ն սուրբ մաք-րու-թյա՛ն...
Ա’խ չէ՛.
Քո մեծ սրտով
Դու սովոր չես նման մի փոքրության...
Ու ցավում է հիմա մեր վիրավոր հոգիդ,
Նա ցավում է հիմա՝ ատամի’ պես
Մենք և’ երջանիկ ենք,
Ե’վ պատժված հիմա.
Դու՝ Եվայի’ նման,
Իսկ ես՝ Ադամի’ պես
Ա՛խ, ցավում է հոգիդ նրա’ համար,
Որ աստըծո գործած հին սխալից հետո,
Եվ քանի՛ դար հետո,
Այս անաստված մարդիկ նաև հիմա
Մեր նկատմամբ, կյա’նքըս, նույն սխալն են գործում,
Մեզ պատժում են... գտած երջանկությա՛ն համար:
Թո’ղ որ դրախտ պետք չէ.
Մենք մեր ձեռքերով ենք այդ ստեղծել փորձում
Բայց դե ինչի՞ համար,
Ախար ինչի՞ համար
Պնդել, որ դու ընդմիշտ նույն դժոխքու’մ մնաս
Բայց դե ինչի՞ համար,
Ախար ինչի՞ համար
Մի նոր դժոխք սարքել և’ ինձ, և’ քեզ համար,
Նույնպես վարվել նաև քո մանկան հոր՝
Մեզանից ոչ պակաս դժբախտի հետ...
Ա’խ ի՛նչ հեշտ է
Խաղալ մարդկանց խեղճ բախտի հետ...
Պարույր Սևակ /պոեմ/
Saturday, 28 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment