- 2 -
Եվ այսպես է լինում.
նրբության տեղ՝ սիրով
Ոմանք նուրբ մետաքսն են գերադասում հաճախ
Եվ այսպես է լինում.
Տաքության տեղ սիրո
Ոմանք տաք մուշտակն են գերադասում հաճախ
Ո՞ր հիմարը կասի, թե վատ բան է
Բարձըր աստիճանը,
Փողով լի գրպանը,
Եթե... սիրո հարցում շիրիմ չէ գրպանը
Երախտապա՛րտ եմ ես դատարկ իմ գրպանին,
Թե չէ, ի’նչ իմանաս, աստվա՛ծ չանի,
Չէ՞ որ կարող էր նա ինձ էլ գուցե
Ուրիշների հիմար դրության մեջ գցել -
Կարող էին, այո’, կարող էին ինձ էլ
«Աղվես»-ի տեղ իրենց ուսին գցել,
Իբրև մուշտակ՝ կրել,
Իբրև ոսկե քորոց՝ կրծքին խրել
Չէին կարո՞ղ
Ի՛նչ է,
Նրանք՝ հետիոտըն,
Իսկ ես ձիավո՞ր եմ,
Նրանք՝ կլոր զերո,
Իսկ ես միավո՞ր եմ:
Ախ, չէ՛, կարո’ղ էին,
Որովհետև կյանքում
Մեծագույնը մեծին միշտ հաղթում է
Իսկ շատերի համար, անշուշտ, սրտից մեծ է
Կահավորված - կարգին - շքեղ տունը
Ախ, չէ՛, կարո’ղ էին,
Որովհետև կյանքում
Թեպետ հաղթությունը միշտ նորինն է,
Սակայն հինն էլ կյանքում
Նրանով է կանգուն,
Նրանով է զորեղ,
Որ նա հին է:
Իսկ «քաղքենի» կոչումն այնքան է հին կյանքում,
Որքան... ինքը՝ կինը
Բայց արտաքուստ քեզ պես
Ու քեզ նման կարծես
Նույն այդ կինը
Անհունորեն քեզնից և տարբեր է այնպես,
Ինչպես նկարներից՝ «նեգատիվը»։
Եվ ինձ համար բախտ է,
Մեծ պատիվ է,
Որ դու ուրի՛շ կին ես,
Իմ անգի’նըս,
Որ հեռու ես ամեն մի քաղքենուց,
Ինչպես պղտոր ջուրը՝ կարմիր գինուց...
Պարույր Սևակ /պոեմ/
Monday, 30 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment