Monday, 30 November 2009

Ուշացած իմ սեր

- 3 -

Բայց, սիրելի’ս, քեզ հետ եղել է վատթարը,
Քեզ հետ պատահել է ահավորը
Քաղքենուհին անգամ պակաս մեղավոր է,
Քան դու՝
Իմ անմե’ղըս,
Իմ արդա՛րըս


Նա՝ վատ թե լավ՝ կյանքում առևտուր է անում.
Մի բան՝ տալիս,
Տեղը ուրիշ բան է առնում
Նրան կարելի է արհամարհել,
Իսկ քեզ... կարելի է քեզ չներե՛լ,
Որովհետև նրանք սեր են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու սիրո՛ հետ.
Որովհետև նրանք կյանք են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու կյանքի՛ հետ...

Քեզ ո՞նց ներել, թե դու
Գնացել ես մարդու
Այնպես, ինչպես մի օր քո հեռավոր տատը,
Երբ որ հարցը ոչ թե սիրտն ու սերն են լուծել,
Այլ, ամենից առաջ, մատնեմատը
Ինչպե՞ս ներել, թե դու
Գնացել ես մարդու,
Ինչպես Արևելքում ընդունված է եղել
Երկու՛ հազար տարի՝
Զավակի հետ մի լավ գերդաստանի,
Որի յոթը պորտին ճանաչել է հայրըդ,
Որի յոթը պորտին ճանաչել է մայրըդ,
Ճանաչել են,
Սակայն նրա գերդաստանի՛ն,
Բայց ո’չ նրան, ում դու
Գնացել ես մարդու


Գնացել ես մարդու
Եվ... մտածե’լ,
Թե սերն ինքը,
Եթե կյանքում նա կա,
Հետո մի օր կգա.
Թո’ղ որ առաջնեկի՝
Քեզ պես ու քեզ նման մի աղջըկա,
Թո’ղ որ երկրորդ մանկան՝
Իր հոր քթից թռած մի շեկլիկի
Ծնընդի հետ,– մե՛կ է՝
Միայն թե գա...

Սակայն սերը փառք չէ,
Ոչ էլ հաջողություն,
Որ հետո գա
Եվ կամ
Բնավ չգա
Հյու’ր չէ,
Որ մերթ ընդ մերթ այցելի ձեր տունը,
Մերթ պատճառի հաճույք
Ու մերթ՝ տհաճություն,
Խանգարելով անուշ ձեր ետճաշյա քունը
Ախ, չէ՛.
Սերը հյու’ր չէ,
Տանը հյու’ր չէ սերը
Թե բանն այդտեղ հասավ՝
Նա տանտե՛ր է


Հիմա դու լավ գիտես,
Իմ սիրելի’,
Որ սիրո հետ խաղալ չի՛ կարելի.
Ո’չ նա խաղալիք է,
Ո’չ էլ մանուկ ես դու
Իսկ թե խաղալիք է՝
Նա չի ջարդվում ինքը.
Հետը խաղացողին ինքն է այնպե’ս ջարդում,
Ինչպես որ նա քեզ է ջարդել հիմա...
Մի՞թե արդեն պարզ չէ և քե’զ համար,
Որ կարող է սերը...վրեժխնդի՛ր լինել,
Վրեժ լուծել՝
Իրեն անտեսելու՛ համար.
Տառապալից սիրով չսիրողին զինել,
Ինչպես որ քեզ՝ հիմա...


Պարույր Սևակ /պոեմ/

No comments:

Post a Comment