Sunday 3 January 2010

Սարսափում եմ էս լոկ հիմա..


Դու ասում ես, թե սառել եմ,
Բոլո՜ր, բոլո՜ր կրակներս ես վառել եմ
Ու հիմա էլ… մթան մեջ եմ ես խարխափում:
Իսկ ես կասեմ, ես քայլել եմ,
Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ,
Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում:
Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով,
Ո՛չ մի երգով կամ ակնարկով.
Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել,
Երկու հարկով բարձր եմ ապրել,
Ցած եմ իջել երկու հարկով,
Իջել-ելել, սակայն երբեք չըմ խարխափել:
Թե երբևէ խարխափել եմ՝
Խարխափում եմ ես լոկ հիմա,
Թե երբևէ սարսափել եմ՝
Սարսափում եմ ես լոկ հիմա,
Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝
Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս,
Միայն հիմա՛, երբ զգու՛մ եմ,
Հասկանում եմ ու սարսափու՛մ,
Թե առանց քեզ, իմ կորա՜ծս,
Այս աշխարհի ինչն է պակաս...

Պարույր Սևակ